Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` ձերբակալված որդու մասին տարածված տեղեկությունները պարզապես ցնցող են: Երեկվանից լուրեր են պտտվում, թե Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, նա բանտում «ղումար» է խաղացել, որի արդյունքում 10 մլն դրամ է տանուլ տվել: Վերջինիս արդյունքում` 19-ամյա Տիգրանի «ստատուսը» բանտում իջեցրել են, նա «զոն նայողների» խցից տեղափոխվել է սովորական խուց:
Փաստորեն, եթե սա ճիշտ է, Լիցկան սպանության մեջ մեղադրվող յուր զավակի համար կրկին կյանքի նկատմամբ սեփական պատկերացումներով շրջափակելը գերադասեց ճշմարտության հետ դեմ առ դեմ բախվելու հնարավորությունից: Պարզ է, որ «զոն նայողների» խցում Տիգրանը պատահական չէր կարող հայտնվել: Բանտում օրենքներն ավելի կոշտ են և «յուղոտ պատառ»ե փախցնելը ամեն մեկի բանը չէ: Եվ եթե Տիգրան Խաչատրյանը տանուլ է տվել 10 մլն դրամ, սա միայն խոսում է այն մասին, թե ինչ է սարքել հարազատ որդուց իրեն ամենազոր համարող Լիցկան: Նա, թեև տեսնողների ասելով, բավականին խեղճացել է, բայց շարունակում է հունիսի 1-ի գործը սեփական օգտին շրջելու ջանքերը: Նրա որդու շահերը ներկայացնողը փաստաբանների պալատի նախագահ, փորձված փաստաբան Ռուբեն Սահակյանն է, ով, խախտելով նախաքննության գաղտնիություն ասվածը, հայտարարել էր, որ իր մոտ է գտնվում միջադեպի տեսանյութի ամբողջական տարբերակը, և ակնարկել, թե Բուդաղյանի` տուժող կողմ ճանաչվելու մասին խոսք լինել չի կարող: Սահակյանի կարծիքին հակադրվել է Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինս այն մեկնաբանելով` հայտնել է, թե տեսանյութը դիտողի մոտ կասկած չի կարող լինել, որ Արտակ Բուդաղյանը տուժող է:
Հանգամանքը, որ կարող են հաստատվել Տիգրան Խաչատրյանի մասին երկու լուրերը` արյան մեջ թմրանյութ հայտնաբերվելու և բանտում թղթախաղով զբաղվելու մասին, Լիցկայի որդու օգտին չեն խոսում: Թե ինչպես պիտի օրեցօր խճճվող կծիկից գլուխ հանեն Խաչատրյանները, դեռ անհայտ է: Լիցկան, իհարկե, գործի կդնի իր հնարավորությունների ողջ զինանոցը` որդուն բանտից «չոր» դուրս բերելու համար: Կհաջողվի՞, թե՞ ոչ, կախված կլինի իրավապահ մարմինների անաչառության աստիճանից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ